Հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ


Հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ
Օգոստոս 7 19:46 2025

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տարբեր միջազգային լրատվական ու փորձագիտական արտահոսքեր նշում են, որ վաղը Վաշինգտոնում ստորագրվելիք փաստաթուղթը հասցեագրելու է Սյունիքի ճանապարհի ռեժիմը և Մինսկի խմբի լուծարումը:

Ոչ մի անդրադարձ չկա ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձին ու մեր ժառանգության ու սեփականության պաշտպանությանը, այլև՝ նույնիսկ գերիների ազատ արձակմանը, որը ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են որպես իրենց առաջնահերթ ուշադրության հարց:

Այսինքն, հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ, ով նախանձելի հետևողականությամբ կարողանում է ոչնչի դիմաց ստանալ ռազմավարական հաջողություններ:

Դե իսկ Մինսկի խմբի լուծարումը ինքնին մեծագույն ռազմավարական սխալ է Հայաստանի համար, որի դիմաց, կարծես թե, իշխանությունները չեն էլ բարեհաճում հասնել մեր 23 գերիների ազատ արձակմանը, որը շատ կոնկրետ ու իրագործելի խնդիր է՝ հատկապես Թրամփի միջնորդության պայմաններում:

Ամերիկացիները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում կայուն, արդար, ներառական ու համապարփակ խաղաղությունը, և այդ չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջանին»: