Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․
«Ամերիկյան Reuters գործակալությունը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում անցկացվող եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր, որի առանցքում է Հայաստանի տարածքով տարանցիկ ճանապարհ կառուցելու բացառիկ իրավունքի տրամադրումը Միացյալ Նահանգներին։
Ըստ հաղորդագրության, այս ճանապարհը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Սյունիքի մարզով, և պաշտոնապես կկոչվի «Թրամփի ճանապարհ» (TRIPP)՝ որպես «միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ նախագիծն իրականացվելու է «Հայաստանի օրենսդրության համաձայն», սակայն ճանապարհի կառուցումն ու շահագործումը տրամադրվելու է ԱՄՆ-ի կողմից ընտրված կոնսորցիումին՝ բացառիկ իրավունքով և երկարաժամկետ կարգավիճակով։
Այլ կերպ ասած՝ ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից՝ անկախ նրանից, թե իրավական ձևակերպումներում որքան անգամ օգտագործվի «օրենսդրության համաձայն» արտահայտությունը։
Արդյունքում՝
Հայաստանի տարածքով նախատեսվող ճանապարհը դառնում է արտահանձնված գոտի՝ օտար կառավարմամբ,
Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը ձևականորեն պահպանվում են, բայց փաստացի՝ սահմանափակվում,
Բուն գաղափարն արտահայտում է միջանցքային տրամաբանություն, որը ծնում է լրջագույն մարտահրավերներ։
Ավելին՝ նույն համաձայնագրով նախատեսվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը միջազգային մակարդակով կհաստատի, որ ԼՂ հակամարտությունն «ավարտված» է, իսկ Ադրբեջանն ի վերջո ստանում է թե՛ հաղթողի, թե՛ օրակարգ թելադրողի կարգավիճակ։
Վաշինգտոնը փորձում է ձևավորել նոր ռեգիոնալ օրակարգ, որի գինն այս պահին վճարում է Հայաստանը։
Սա քաղաքական առևտուր է Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Վաշինգտոնում քննարկվելու է ոչ թե երկարատև կարգավորում, այլ միջանցք՝ ամերիկյան կառավարմամբ, ադրբեջանական շահերով և հայկական տարածքով։
Միամտություն է ակնկալելը, որ տարածաշրջանում Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելուց և Իրանից մեկուսացնելուց հետո, Երևանը երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ է ստանալու Վաշինգտոնից»: