Տեր Տաճատ քահանա Բարսեղյանն իշխանությունների ձեռնարկած հակաեկեղեցական արշավի կապակցությամբ գրել է․
«ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալիստ» է, թե՞ պատգամավոր։ Նա իշխանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հայտարարել, թե իրեն փոխանցել են, որ Բագրատ Սրբազանը «գողական» բարքերի է հարում։ Այս հայտարարությունը նա կատարում է այն դեպքում, երբ շուրջ 40 օր Սրբազանը գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Թե ինչ հրաշքով է մարդը մենակյացության մեջ որևէ բանի հարում՝ անհասկանալի է։
Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը այն պատգամավորներից է, որ ԱԺ-ում բոլոր ընդդիմադիր բախումների ժամանակ հարձակվող անձնակազմի անբաժան մասն է կազմում։ Հայ ժողովրդի համար նշանակալի ոչինչ չարած այս անձի զրպարտիչ հայտարարությունը մատնում է, որ իշխանության ներկայացուցիչները սկսել են նոր արշավ՝ այս անգամ էլ ստի դոզան ավելի բարձրացնելով՝ փորձելով բարեպաշտ, հայրենասեր մարդկանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, քրեական տարրեր, հանցագործներ։ Ի դեպ, այսպես էին գործում նաև խորհրդային միությունում, երբ քարոզչության բոլոր միջոցները գործի էին դրվում՝ հոգևորականներին կապելու քրեական աշխարհի հետ։
Մյուս կողմից՝ հարկ է հարցնել՝ պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ հայ ժողովուրդը հիմար չէ և կարողանում է կեղծիքը տարբերել իրականությունից։ Որ ամեն սուտ հնարավոր չէ ներկայացնել որպես ճշմարտություն՝ օգտագործելով «օդում կախված լուրեր», «հավաստի աղբյուրներ» կամ «մեղմ ձեւակերպմամբ՝ ինձ տեղեկացրել են» արտահայտությունները։ Չնայած ՔՊ-ականները մարդկանց վրա ցեխ նետելու մեծ վարպետներ են, սա արդեն ծաղր է լսողների հիշողության և առողջ դատողության համար։
Ստով ղեկավարեցին երկիրը 7 տարի, ստով հանձնեցին Արցախը, ստով հանրության մեջ խորը պառակտում առաջացրեցին, ստով կործանեցին մեր վաղվա ապագան, հիմա էլ նույն ստով հասել են Սյունիք ու դեռ ստի մեջ նոր սուտ են հորինում՝ առանց ամաչելու»։