Հայաստանում ձերբակալվել է տաջիկական ընդդիմադիր «Խումբ 24»-ի անդամ Իսմոիլ Խոլովը


Հայաստանում ձերբակալվել է տաջիկական ընդդիմադիր «Խումբ 24»-ի անդամ Իսմոիլ Խոլովը
Օգոստոս 6 19:27 2025

Տաջիկստանի նախագահի վարած քաղաքականության նկատմամբ ընդդիմադիր գործունեություն ծավալող «Խումբ 24»-ի անդամ Իսմոիլ Խոլովը ձերբակալվել է Հայաստանում: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։

Նա ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի սահմանին: Բագրատաշենի սահմանային կետի ներկայացուցիչը հայտնել է, որ Խոլովը ձերբակալվել է, քանի որ Տաջիկստանի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: «Նրա գործը ներկայումս քննվում է, և դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի հաջորդը: Դատարանը կորոշի ամեն ինչ», – ասել է նա։

Նշենք, որ Տաջիկստանում քրեական գործ է հարուցվել 44-ամյա Իսմոյիլ Խոլովի դեմ՝ արգելված կազմակերպությանը մասնակցելու համար: Նա Ռուսաստանում ապրել է 2011 թվականից, բայց 2023 թվականին լքել է Ռուսաստանի Դաշնությունը՝ Տաջիկստանի կողմից ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների պատճառով: