«Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի». Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը


«Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի». Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Օգոստոս 6 15:30 2025

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

 

46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:

 

Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:

 

Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»:

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, նշել է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:

 

Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»: