Փյունիկը ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից


Փյունիկը ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից
Հուլիս 31 23:34 2025

Երևանի «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել հունգարական «Դյորի» արգելքը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատասխան խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց:

 

Հանդիպման ընթացքում «Դյորի» կազմում աչքի ընկավ ալժիրցի հարձակվող Նադիր Բենբուալին, ով դուբլ ձևակերպեց՝ գոլեր խփելով 16-րդ և 69-րդ րոպեներին: «Փյունիկը» փորձեց կրճատել հաշվի տարբերությունը, երբ 84-րդ րոպեին գանացի կիսապաշտպան Էրիկ Օկանսին գրավեց մրցակցի դարպասը՝ դարձնելով հաշիվը 2:1: Սակայն խաղի ավելացված առաջին րոպեին խորվաթ պաշտպան Դանիել Շտեֆուլը խփեց «Դյորի» երրորդ գոլը՝ սահմանելով վերջնական հաշիվը:

 

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 2:1: Չնայած այդ հաջողությանը, ընդհանուր հաշվով «Դյորը» առավելության հասավ և դուրս եկավ հաջորդ փուլ:

 

Աղբյուրը՝ Armsport.am: