Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: