«Անթույլատրելի եմ համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ». ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին


«Անթույլատրելի եմ համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ». ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին
Հուլիս 28 22:35 2025

ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին, գրում է ռուսական Ura.news–ը։

Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա համաձայն չէ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանն ու գործարար Սամվել Կարապետյանի կալանքին:

Սպարտակյանն նշել է, որ ապրել ու շարունակելու է ապրել Եկատերինբուրգում։ Նա նաև խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել Սվերդլովսկի բնակիչների և հայ համայնքի համար` նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի։

«Անթույլատրելի եմ համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմքն է»,– ասել է Սպարտակյանը:

Ինչ վերաբերում է Կարապետյանի ձերբակալությանը, ապա նա նշել է, որ ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ինքը, շատ է հարգում նրան, քանի որ Կարապետյանը վառ օրինակ, թե ինչպես կարելի է կառուցել և արարել:

Սպարտակյանը մեծացել է Եկատերինբուրգում, ավարտել Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը։ Նա աշխատել է Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմում։ Սպարտակյանը պատվավոր հյուպատոս է նշանակվել 2018 թվականին։