Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան


Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան
Հուլիս 24 13:34 2025

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է. մենք ունենք ստանձնած պարտավորություններ՝ կատարելու միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

 

Նրա խոսքով՝ միջազգային պայմանագրերը լինում են տարբեր՝ երկկողմ և բազմակողմ։

 

«ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում»,-ասաց նա։

 

Ըստ Գալյանի՝ կողմն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո դա դառնա պարտադիր կատարման ենթակա:

 

Ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին: 

 

«Չեմ կարող ասել, թե դա կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում։ Ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ սպառնում էր»,-ասաց Գալյանը։

 

 Ստոկհոլմի արբիտրաժը, ըստ Գալյանի, չէր կարող որևէ նպատակ արձանագրել.

 

«Մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի քննության հետ»: