Սույնով ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում: Այդ մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցերից»:
«Ընկերության Էլեկտրատնտեսության շատ սարքավորումներ սպառել են իրենց օգտագործման ողջ ռեսուրսը և պիտանիության ժամկետները, ընկերությունում իսպառ բացակայում են օպերատիվ կառավարման և տեղի ունեցող վթարների առկայության մասին տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ ավտոմատ տելեհաղորդման ժամանակակից միջոցները:
Ակնհայտ է, որ այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքներն զգացվում են արդեն այսօր՝ հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով:
Սիրելի՛ քաղաքացիներ,
Այս պայմաններում, եթե առաջացած վթարները և էլեկտրամատակարարման խաթարումները պայմանավորված չեն մարդածին սխալներով (սարքավորումների և մալուխների վնասում, հենասյուների և ենթակայանների հրկիզում և այլն), ապա «ՀԷՑ» ՓԲԸ օպերատիվ-տեխնիկական անձնակազմերը 24-ժամյա աշխատանքային ռեժիմով իրականացվող հերթապահության շնորհիվ հնարավորինս արագ արձագանքում են դրանց և սեղմ ժամկետում ձեռնամուխ լինում էլեկտրամատակարարման վերականգնմանը:
Մնացած բոլոր դեպքերում իրականացվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքները կարող են օբյեկտիվորեն ավելի երկար ժամանակ պահանջել, ինչի համար հայցում ենք ձեր բոլորի ըմբռնումը և ներողամտությունը»,- ասվում է հայատարարության մեջ։