Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ դեռ Արցախից մի կտոր կար, և մենք մեր տանն էինք ապրում, առաջարկ եղավ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու, որը պիտի առանց մարդկային կոնտակտի լինի ու տվյալները փոխանցվեն ադրբեջանական կողմին։ Փոխարենը, ադրբեջանցիները պահանջում էին նույն ռեժիմով անցում Սյունիքով։
Սա այն ժամանակ էր, երբ ռուսները սեղանին էին դրել Խովայեվյան պլանը, որը նախատեսում էր Արցախի հարցի լուծումը տեղափոխել «լավ ժամանակներ»։
Արցախի նախագահը կիսվեց մեզ հետ այդ առաջարկով։ Քննարկելուց հետո որոշեցինք, որ մեր դիրքորոշումը պիտի լինի՝ ՀՀ-ին որևէ կերպ չվնասելը։ Եվ հենց այդպես էլ արեցինք։
Արայիկ Հարությունյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ ՀՀ-ն ոչ մի պարագայում չպիտի տուժի Արցախի պատճառով, և մենք պիտի շարունակենք կրել մեր խաչը։
Այժմ Արցախը չկա, բայց կա Սյունիքով անցնող ճանապարհը երրորդ կողմին «արտապատվիրակելու» առաջարկը, և այն որպես հաղթանակ ներկայացնող Փաշինյանը։
Աննան փաստորեն ճիշտ էր. մենք զոհաբերվեցինք հանուն ոչնչի, հանուն նրա, որ իր ամուսինն ու թիմը 2026-ին պարզապես վերարտադրվեն…»։