Կարծում եմ՝ որևէ հավատավոր մարդ երբեք չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռի կամ որևէ հոգևորականի նկատմամբ. Տեր Եսայի


Կարծում եմ՝ որևէ հավատավոր մարդ երբեք չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռի կամ որևէ հոգևորականի նկատմամբ. Տեր Եսայի
Հուլիս 22 12:29 2025

Եկեղեցական կյանքի ու ինքնավարության նկատմամբ ցանկացած միջամտություն դատապարտելի է և անպտուղ, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ պատրաստ լինեն «Վեհարանը Վեհափառից ազատելու համար»։

 

«Չեմ պատկերացնում, թե ինչպես է նա պլանավորել դա անել, բայց եկեղեցական կյանքի ու ինքնավարության նկատմամբ ցանկացած միջամտություն դատապարտելի է և անպտուղ»,- նշել է Տեր Եսային։

 

Նա դատապարտելի է որակել, առհասարակ, որևէ անձի, առավել ևս՝ Վեհափառ Հայրապետի կամ այլ հոգևորականի նկատմամբ այն խոսույթը, որն օգտագործում է Փաշինյանը։

 

«Այս բռնության կոչերը, անհանդուրժողականության դրսևորումները վկայում են, որ նպատակը բարեփոխում կատարելը չէ, այլ ատելության սերմանումը, ներքին պառակտման խորացումն է։ Մենք կոչ ենք անում և մշտապես աղոթում ենք, որպեսզի մեր ժողովուրդը չտրվի այդ սադրանքներին։ Պետք է լինենք միաբան, սիրով համախմբված»,- նշել է Տեր Հայրը։

 

Հարցին՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Մայր Աթոռը հնարավոր զարգացումների դեպքում՝ Տեր Եսային նշել է, որ եկեղեցին նույնիսկ նախորդ գրոհները դիմավորել է աղոթքով, ու այսօր էլ շարունակում է աղոթել՝ ի շահ երկրի խաղաղության ու հոգու փրկության։

 

«Չգիտեմ, թե ինչ կլինի կամ ինչպես կզարգանա իրավիճակը։ Կապրենք՝ կտեսնենք։ Բայց, կարծում եմ, որևէ հավատավոր մարդ երբեք չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու կամ որևէ հոգևորականի նկատմամբ»,- ընդգծել է Տեր Եսային։