«Հաց ենք կիսել»․ Փաշինյանը չի ցանկանում վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ


«Հաց ենք կիսել»․ Փաշինյանը չի ցանկանում վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հուլիս 16 15:04 2025

Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաև իմ ասած նկատառումներով, ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինենք այդ որոշումը կայացնել»,-ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու մասին հայտարարություններին։

 

Նա ասաց, թե իրենք չեն փնտրում հակադրություն, հակասություն կամ որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։

 

«Ես շատ հարգալից, բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կառավարության ղեկավար Միշուստինի հետ։ Ես այդ հարաբերությունների բերումով մարդկային «դիսկոմֆորտ» ունեմ, որ մենք ստիպված լինենք այդպիսի որոշում կայացնել։ Մեր իրականության մեջ կա չէ՞, որ ասում են՝ իրար հետ հաց ենք կիսել։ Ես չեմ ուզում, որ մենք գնանք այդ որոշմանը։ Տպավորությունն այնպիսին է, որ ՌԴ-ում կան ուժեր, որ ուզում են մեզ ստիպել, որ մենք գնանք այս որոշումներին։ Եթե շատ ստիպեն, ի՞նչ անենք, բայց ես չեմ ուզում, անկեղծ եմ ասում»,-հայտարարեց վարչապետը։