Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին:
Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, որ նախարարությունը գործուն ջանքեր է գործադրում խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ։ Մասնավորապես, մշակվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերը, իրականացվել են ոլորտային վերապատրաստումներ և իրազեկման աշխատանքներ:
Միաժամանակ, մշակվել է խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ առանձին ռազմավարական փաստաթուղթ:
Սրբուհի Գալյանը խոսել է ՀՀ-ում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների մասին՝ կարևորելով ոլորտում շարունակական բարելավումների անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարելվել նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի (CPT) զեկույցներին և այս համատեքստում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին:
Անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի ապահովմանը՝ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում գործերի քննության «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալի բացահայտման օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել գործի քննության ուղենիշային ժամկետներ՝ պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգելու հնարավորություն նախատեսելով հանդերձ։
Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարը խոսել է նաև վեճերի լուծման այընտրանքային կառուցակարգերի ներդրման, ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության, ազդարարման ինստիտուտի գործունեության և այս համատեքստում անանուն ազդարարման մեխանիզների մասին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: