ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը ևս ծանուցում է ստացել, որ երկու օրից ազատվում է աշխատանքից։
Նա գրել է. ««Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն». կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք: Ու սա կասեի դեռևս հեռավոր 2019 թվականին: Բայց համալսարանական լինելն ինձ համար միշտ առաքելություն է եղել ու էդպես է մնում:
Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ երկու օրից ազատվում եմ աշխատանքից: Հի՞մքը` կհարցնեք դուք: Միամիտ մի´ եղեք: Հիմքը, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են:
Ամեն դեպքում` Արցախում բանակում կազմակերպած, ԵՊՀ-ում Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական ակումբ, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց ստեղծած, հազարավոր ազգային ծրագրեր արած կառույցի աշխատակազմը, բնականաբար, չի հանձնվելու:
Իսկ մի մութ անկյունում սպասող անկարողները, ում ստիպում են ստորագրել մի հրաման, որին համաձայն չի, ծանր բարոյական, իրավական ու մարդկային բեռ վերցրեց, որը չի մարսելու»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը ևս հայտնել էր աշխատանքից ազատման մասին։
«Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկացա, որ հուլիսի 11-ից (2 օրից) ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից։
Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ սա սկիզբն է, առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ», - գրել է նա։