«Ռիո մոլի» ողջ անձնակազմով սատարում ենք ազգանվեր բարեգործ Սամվել Կարապետյանին․ Հայտարարություն


«Ռիո մոլի» ողջ անձնակազմով սատարում ենք ազգանվեր բարեգործ Սամվել Կարապետյանին․ Հայտարարություն
Հունիս 24 20:30 2025

«Ռիո մոլի» հայտարարությունը․

 

«Տարիներ շարունակ Սամվել Կարապետյանի անունը հնչել է ոչ միայն որպես խոշոր գործարարի, այլ որպես անհատի, ով ապրում ու գործում է հայ մարդու, հայ ընտանիքի և հայրենիքի համար, անհատ, ով շարունակական ազգանպաստ գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։

 

Մանկավարժների արժանի զավակ` մարդ, ով իր ամբողջ էությամբ ու կյանքով նվիրված է հայրենիքին՝ ապրելով օտար հողում։ Նրա ամբողջ ուղին կառուցված է մեկ անսասան սկզբունքի վրա՝ օրենքի գերակայության։ Դա դարձել է նրա գործունեության անկյունաքարը թե՛ բիզնեսում, թե՛ բարեգործության մեջ։

 

Ազնիվ հայորդի Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք։

 

Նրա բարեգործությունները անթիվ են.

 

Հազարավոր ընտանիքներ, որոնք գտել են նոր տուն

 

Կյանքեր, որոնք փրկվել են շնորհիվ կառուցված բուժհաստատությունների

 

Համայնքներ, որոնք ստացել են կրթական, մշակութային և տնտեսական զարգացում

 

Պետության համար ճակատագրական պահերին Սամվել Կարապետյանը միշտ կանգնած է եղել բանակի ու հայրենիքի կողքին։ Պատերազմական իրավիճակներում նա ապահովել է տրանսպորտային միջոցներով և տեխնիկական սարքավորումներով, կատարել է նվիրատվություններ կամավորականներին և պաշտպանական հիմնադրամներին, աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին:

 

Այս ամենը՝ առանց աղմուկի, լուռ ու արժանապատվորեն։ Նրա հայրենասիրությունը միշտ եղել է գործով, ոչ` խոսքով։

 

Նա կառուցում է ոչ միայն շինություններ, հաստատություններ, դպրոցներ, այգիներ, մանկապարտեզներ, լավագույն սարքավորումներով զինված բժշկական կենտրոններ, եկեղեցիներ, այլ նաև հավատ, հույս ու արժանապատվություն՝ հայ մարդու, հայ ընտանիքի, հայ աշխարհի վաղվա օրվա համար։ Եվ չկա հայություն առանց հավատքի և եկեղեցու։

 

ՀՀ-ում հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին իր դռները բացեց ՌԻՈ ՄՈԼԸ՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր, նորանոր կազմակերպությունների ներգրավվածություն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

 

ՌԻՈ մոլի ողջ անձնակազմով սատարում ենք ազգանվեր բարեգործ Սամվել Կարապետյանին։

 

Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի անկոտրում հայրենասիրական միտքը անպարտ կմնա:

 

Հայոց աշխարհը ուժեղ է, քանի դեռ կան հայ ազգի նվիրյալներ, ովքեր ապրում են ոչ միայն իրենց համար, այլ՝ ժողովրդի, հայրենիքի և հավիտենական արժեքների»։