Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ


Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ
Հունիս 24 18:16 2025

Այսօր՝ հունիսի 24-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուշավան թաղամաս են մեկնել քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները:

 

Տեղում պարզվել է, որ ժամը 02:15-ի սահմաններում դիմակավորված 4 անձինք մտել են նշված թաղամասի տներից մեկը և ննջասենյակում դանակով սպառնացել տանտիրոջը՝ 86-ամյա Ս. Հ-ին, ապա հարվածներ հասցրել դեմքի և մարմնի տարբեր մասերին ու պահանջել գումար:

 

4 ստահակները այնուհետև կպչուն ժապավենով կապել են անօգնական տարեց մարդու ձեռքերը, ոտքերը և բերանը, ինչից հետո նրանից հափշտակել են խոշոր չափի ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ, ապա դիմել փախուստի:

 

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Դեպքի փաստով «ավազակային հարձակում» հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակները հափշտակել են մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 700 հազար ՀՀ դրամ, իրենց հետ են տարել նաև տուժածի անձնագիրը, ու տուժածին կապված վիճակում հայտնաբերել են Հնդկաստանի 2 քաղաքացիներ, ովքեր վարձակալական հիմունքներով բնակվելիս են եղել նշված տանը, տուժածն էլ ԱՄՆ քաղաքացի է: