Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանավորված, թեև գործով անցնող մյուս մեղադրյալների խափանման միջոցերը փոխվել են։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշում է կայացրել Արտուշ Գաբրիելյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին։ Գործով անցնող մյուս մեղադրյալների կալանքը, սակայն, փոխվել է՝ տնային կալանքով։ Մասնավորապես, կաշառք տալու մեջ մեղադրվող Զոհրաբ Սիխարուլիձեի՝ Յեզգատյանի պաշտպանը միջնորդել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով և գրավով՝ 2 մլն դրամի չափով։ Հիմքում պաշտպանները մատնանշել էին այն հանգամանքը, որ մեղադրյալը տարեց է և նրա խնամքին է հոգեկան հիվանդություն ունեցող դուստրը։ Մյուս մեղադրյալի՝ օժանդակության մեջ մեղադրվող Գալուստ Խուրշուդյանի պաշտպանը համանման միջնորդությամբ է հանդես եկել՝ հիմքում դնելով մեղադրյալի խնամքին տարեց՝ 91-ամյա մայր ունենալու հանգամանքը։ Երկու մեղադրյալների խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Այժմ փաստացի կալանքի տակ է գտնվում միայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արտուշ Գաբրիելյանը, քսաներկու տարի աշխատելով արդարադատության համակարգում, ունի իրավագիտակցության բարձր մակարդակ, ուստի որևէ կերպ չի կարող դրսևորել հակաօրինական վարքագիծ։ Բացի այդ, վարույթում ներգրավված վկաներից որևէ մեկը, ըստ էության, որևէ տվյալ չի հայտնել Արտուշ Գաբրիելյանի դեմ, վերջիններիս նախաքննական ցուցմունքները վերաբերում են իրենց աշխատանքային պարտականություններին և դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ ունեցած աշխատանքային հարաբերություններին՝ նշելով, որ վերջինս խիստ է եղել և մշտապես պահանջել է պատշաճ աշխատանք։ Պաշտպանը նաև նշել է, որ Արտուշ Գաբրիելյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և տառապում է ՀՀ կառավարության N 825-Ն որոշմամբ սահմանված «Կողմնորոշիչ ցանկով» նախատեսված՝ կալանքին խոչընդոտող ծանր հիվանդությամբ, որի մասին մեղադրյալի համաձայնությամբ չցանկացավ բարձրաձայնել։ Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներ՝ փաստաբանը պնդել է, որ մեղադրյալի հիվանդությունն անհամատեղելի է կալանք խափանման միջոցի հետ։ Վերոգրյալի հաշվառմամբ պաշտպանը խնդրել է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Դատարանը, սակայն, որոշել է երկարացնել կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։