Արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը. խնդիրը լուծելու հավակնող անձը նախ ինքը չպիտի լինի խնդիր


Արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը. խնդիրը լուծելու հավակնող անձը նախ ինքը չպիտի լինի խնդիր
Հունիս 24 12:42 2025

Ավելի քան 20 օր, երկրի վարչապետի թեթև ձեռամբ, Հայաստանի օրակարգի թիվ մեկ հարցը կուսակրոնության ուխտի խախտման խնդիրն է: Իրավական, կանոնական, բարոյական որևէ հիմնավորում, որ մարդու անձնական կյանքը անձեռնմխելի է, դժբախտաբար, հասանելի չի դառնում երկրի բարձրագույն իշխանավորին, այս մասին հայտարարել է Հայր Հովհաննես Թորգոմյանը։

 

Հայր Սուրբը նշել է՝ ավելին, անձը չի կարողանում ըմբռնել, որ փողոցային բամբասանքների և հերյուրանքների տարածումը անհարիր է իր հանգամանքին, վնասակար երկրին և ուղղակի խարխլում է հասարակության հիմքերը:

 

«Նրա բերած փաստարկը մեկն է. հոգևորականը չի կարող ունենալ «անձնական կյանք»: Նա նույնիսկ չի կարողանում ըմբռնել «անձնական կյանք» հասկացության բովանդակությունն ու տարողությունը:

 

Հատուկ «օժտվածների» համար ուզում եմ մեկընդմիշտ արձանագրել, որ «անձնական կյանք» հասկացությունը վերաբերում է ոչ միայն նյութական ու կենսաբանական առարկաների ու մարմինների հետ մարդու շփումին, այլ այն ամենին, ինչ մարդը տեսնում է, զգում է, որպես տեղեկություն տիրապետում է, որպես փորձառություն ապրում է:

 

Չի կարելի դիպչել այս ամենին և, առավել ևս, չի կարելի հանրայնացնել: Դա հղի է մարդկանց միջև պառակտություն և թշնամանք սերմանելու վտանգով և, ի վերջո, հասարակությունը բարոյալքելու վտանգով: Դրա համար է, որ եկեղեցին հոգևորականների ընդունած խոստովանությունների միջոցով հայտնի դարձած մեղքերի բացահայտումը և տարածումը խստիվ դատապարտում է, և տվյալ հոգևորականին պատժում կարգալուծությամբ:

 

Պատկերացնենք, որ յուրաքանչյուր հոգևորական այսօրվանից սկսի հանրայնացնել այն ամենը, ինչին տեղեկացել է խոստովանության միջոցով:

 

Ո՞րն է լինելու դրա բարիքը. հասարակության առողջացու՞մը, թե՞ քայքայումն ու կործանումը: Եվ արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը: Հարց է առաջանում. արդյո՞ք պետք է, որ հանրայնացվեն անմիջապես իր ընտանիքում տիրող բարքերն ու իրավիճակները: Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «ընտանիք չկա, որ խնդիր չլինի»: Խնդիրները պետք է լուծել սիրով և համբերատարությամբ և, ամենակարևորը, խնդիրը լուծելու հավակնող անձը նախ ինքը չպիտի լինի խնդիր»,- ընդգծել է Հայր Հովհաննես Թորգոմյանը։