Սամվել Կարապետյանի «քեյսը» հօդս ցնդեցրեց այդ միֆը. Նիկոլը բոլորի հետևից գնալու է․ Միհրան Հակոբյան


Սամվել Կարապետյանի «քեյսը» հօդս ցնդեցրեց այդ միֆը. Նիկոլը բոլորի հետևից գնալու է․ Միհրան Հակոբյան
Հունիս 24 11:35 2025

 

 

 

Աշխարհի ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը, որը դասական քաղաքական հետապնդում է, բացահայտեց ևս մի իրողություն, որի մասին բոլորը գիտեին, բայց «խոհեմաբար» լռում էին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

 

«Կապիտալին, առավել ևս՝ խոշոր կապիտալին վերջին 7 տարիների ընթացքում թվում էր, որ կարելի է Նիկոլի հետ «լեզու գտնել», քանզի խոշոր հարկատու են, բյուջեն լցնելու միջոց են, որոշակի դեպքերում էլ կարելի ինչ-որ բան շպրտել դեմներն ու հանգիստ սպասել, թե երբ է անցնելու նիկոլական հեղափոխական փոթորիկը:

 

Կապիտալի վարքագիծը վերջին 7 տարիներին եղել է «խոհեմաբար» լռելը, քաղաքականությամբ չզբաղվելը, քաղաքական գործընթացներից հնարավորինս հեռու մնալն ու Նիկոլին հնարավորինս չհակառակվելը՝ հույս ունենալով, որ փոթորիկն իրենց «տներին չի մոտենալու»:

 

Իսկ ահա Սամվել Կարապետյանի «քեյսը» հօդս ցնդեցրեց նաև այդ միֆը. Նիկոլը բոլորի հետևից գնալու է: Բոլոր նրանց, ումից իր իշխանությունը սասանելու վտանգ է զգում: Ակնհա՞յտ չէ, որ Նիկոլին հետաքրքիր չէ ոչ երկրի համբավը, ոչ ներդրումային միջավայրի ռեյտինգները, ոչ էլ բյուջետային մուտքերի վիճակը: Նիկոլին հետաքրքիր է միայն իշխանությունը պահելը, ցանկացած գնով պահելը:

 

Այս համատեքստում է, որ Սամվել Կարապետյանը բանտում է, և Սամվել Կարապետյանը բանտում է ոչ թե նրա համար, որ Նիկոլի դեմ քայլ է արել, այլ որ կարող է քայլ անել ու դառնել օրինակ՝ հայկական Իվանիշվիլին: Մոտավորապես այնպես, ինչպես 1937-ին շատերին գնդակահարել են ոչ թե հակասովետական քայլերի համար, այլ նրա համար, որ տեսականորեն ընդունակ են եղել այդպիսի քայլերի:

 

Սա նշանակում է, որ կապիտալի կրողներին Հայաստանում «բոմժացման» վտանգ է սպառնում, որովհետև եթե Սամվել Կարապետյանի կապիտալը Հայաստանում չէ և նրան ունեզրկում չի սպառնում, ապա հայաստանյան կապիտալն այստեղ է՝ Նիկոլի ուղիղ նշանառության ներքո: Բոլոր այն կապիտալի կրողները, որոնք իրենց շուրջ 10 հոգուց ավել մարդ կարող են համախմբել, Նիկոլի թշնամիներն են, որոնց հետևից Նիկոլը գնալու է:

 

Ու գնալու է ոչ թե նրա համար, որ իր դեմ ինչ-որ բան են անում, այլ որ կարող են անել: Սա է բանաձևը, որից հայաստանյան կապիտալը փախուստի ձև չունի: «Խոհեմաբար» լռելը, «ջի հատակն իջնելը», Հակոբյան Աննայի հիմնադրամներին մուծվելը, ՔՊ-ականներին տներ նվիրելն այլևս չի փրկելու: Այդ ժամանակներն իսկապես անցել են:

 

Կամ հայաստանյան կապիտալը կազմակերպված ու միահամուռ միանալու է Նիկոլին օր առաջ տուն ճանապարհելու ալիքին, կամ էլ դատապարտված է փոշիացման: Երրորդ ճանապարհ չկա»,- գրել է նա