«Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և փոխի իր այս ուղեգիծը»․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավարը՝ Եկեղեցու դեմ արշավի և քաղաքական ռեպրեսիաների մասին


«Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և փոխի իր այս ուղեգիծը»․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավարը՝ Եկեղեցու դեմ արշավի և քաղաքական ռեպրեսիաների մասին
Հունիս 23 21:43 2025

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հայտարարությունը․

 

«Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամային պահերի մասին, երբ թե՛ արտաքին, և թե՛, դժբախտաբար, ներքին սպառնալիքները չափազանց ճնշող են: Հաճախ անդրադարձել եմ մեր ժողովրդի միասնության անառարկելի կարևորության մասին, քանզի միայն այդ ձևով եմ հավատում, որ պիտի կարենանք դիմագրավել մեր առջև ծառացած վտանգները: Եվ իսկապես անհասկանալի, մտահոգիչ է և, նույնիսկ, կասկածելի դրդապատճառներ ունի ՀՀ վարչապետի և իր շրջապատի կողմից վերջին շրջանում շղթայազերծված պախարակման արշավը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և իր սպասավորների հանդեպ, շատ անգամ նաև վարչապետի համար անվայել և անբարո արտահայտություններով:  

 

Անշուշտ, պոպուլիստական ելույթներով երբ ասում են, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն և կրոնին, այլ միայն կղերականներին են դեմ, հայ ժողովուրդն այդքան միամիտ չէ և հասկանում է, որ իրենց հետապնդումներն այլ են, քանզի Եկեղեցու կառույցը եկեղեցականներն են և հավատացյալները: Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի և դարեր շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզվի ու հավատքի պահպանման գործում: Եվ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին և սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները:  

 

Չափազանց մտահոգիչ են նաև լայն մաշտաբով սկսված հարձակումները և հետապնդումները բոլոր նրանց դեմ, որոնք իրացնում են իրենց սահմանադրական և քաղաքացիական իրավունքը, իրենց տեսակետներն ու համոզումներն են արտահայտում իշխանության դեմ կամ պահանջում իշխանափոխություն, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է: Ժողովրդավարություն, որի մասին այդքան հոխորտանքով է խոսում վարչապետը: Անընդունելի և խստորեն դատապարտելի է նաև ձերբակալությունը և կալանավորումը մի անձի, ինչպիսին է իր բարերարությամբ և հայրենասիրական նվիրումով երկրի տնտեսական աճի գործում մեծ ավանդ ունեցած Սամվել Կարապետյանը: Նա ձերբակալվել է, քանզի քննադատում է ներկա վարչախմբին՝ մատնանշելով երկրին սպառնացող մեծ վտանգների մասին:  

Շատ երկրներ ջանում են ամեն կերպ իրենց Սփյուռքի զավակներին կապել երկրին, որտեղ իրենք իրենց կարելիությունները կներդնեն, իսկ ՀՀ վարչախումբը հեգնանքով է խոսում այլ երկրի քաղաքացիների մասին, որոնց ներդրումը, սակայն, հայրենիքի բարօրության համար անհամեմատ ավելի մեծ է, քան իրենցը: Հստակացնեմ, որ երբեք չեմ հանդիպել և ճանաչել պրն. Սամվել Կարապետյանին և որևէ հարաբերություն չեմ ունեցել իր հետ: Մեր միակ կապը պատահականորեն նույն ազգանունն ունենալն է:

 

Տեղեկացանք նաև, որ կրկին անգամ սկսվել են հետապնդումներն ու սպառնալիքները ՀՅ Դաշնակցության անդամների հանդեպ: Նման քայլերով երկիրը արագընթաց կերպով առաջանում է դեպի մենատիրություն և ընկղմվում մարդու իրավունքների խախտման գործընթաց: Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և փոխի իր այս ուղեգիծը: Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հիշեցնել՝ երբ այսօր ինքն ի շարս այլոց ամբաստանում է նաև Արծվիկ Մինասյանին և Արթուր Խաչատրյանին, ինքը չէ՞ր, որ 2018 թ. Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա առթիվ ներկայացված զեկուցմանը հայտարարեց, որ երկու՝ Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարություններն ամենակարևոր առաջդիմությունն ունեն: Ովքե՞ր էին նախարարները. Արծվիկ Մինասյան և Արթուր Խաչատրյան: Հանկարծ այսօր իրենք «վտանգաւոր հանցագործնե՞ր» դարձան:

 

Պետք է ի վերջո լրջանանք: Ես հաճախ խուսափում եմ Հայաստանի ներքին հարցերի մասին գրելուց կամ խոսելուց, բայց այլևս անկարելի է, քանի որ սկսել ենք հասնել ճգնաժամային պահերի, և հարկավոր է յուրաքանչյուրս ստանձնենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի ևՀայրենիքի հանդեպ: Արդ, ուրեմն, կոչ եմ ուղղում վարչապետին և իր շրջապատին վե՛րջ տալ իրենց այս քաղաքականությանը, որ մեծ և վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մեր Հայրենիքի և Հայ ժողովրդի համար:

 

Հաջորդական օրերին կանդրադառնամ Արցախի հարցին և ՀՀ արտաքին քաղաքականությանը:

 

Հ.Գ. Պիտի ակնկալեմ, որ վարչապետի, իր շրջապատի և կեղծ շահառուների կողմից իմ դեմ վարկաբեկիչ հայտարարություններ տեղի չունենան, որովհետև հակառակ պարագայում ստիպված պիտի լինեմ հրապարակել անուններ, թե իրենք ինչ արտահայտություններով են խոսում իմ մասին»: