«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում միջանկյալ տեղեկություններ հայտնեց այսօր իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների ձերբակալություններից։
Նա տեղեկացրեց, որ առնվազն 3 տասնյակ քաղաքացիներ ձերբակալվել են՝ բացատրություններ տալու, նաև ապօրինի զենք զինամթերք ունենալու կասկածով։ «Այս քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ -ների ներկայացուցիչներ են եղել»,-ասաց նա։
Բացի ազատությունից զրկվածներից, ըստ նրա՝ բազմաթիվ այցեր են եղել անձանց բնակարաններ, որտեղից կամ մարդկանց տարել են բաժիններ կամ հեռախոսահամար են թողել, և ասել, որ նրանց հետ հարցեր կան։
«Այն մարդիկ, ովքեր տանը չեն եղել, և համար են թողել, արդեն ժամը 18։30-ից հետո բոլոր այդ զանգերին իրավապահների կողմից հետևյալ պատասխանն է եղել, որ այլևս մենք հարցեր չունենք»,-ասաց Մելիքյանը՝ ենթադրելով, որ կամ աղմուկն է շատ եղել, դրա համար, կամ էլ չի կարող ասել, թե ինչու են կասեցրել։
«Այս պահի դրությամբ մի քանի դեպք ունենք, որ մարդիկ, ոչ թե հրավիրվում են ոստիկանություն՝ իրենց խոսքով բացատրություն տալու համար, այլ ձերբակալվում են ապօրինի զենք զինամթերքի կասկածանքով։ Բայց այս մարդկանց մի քանի ժամ հետո բաց են թողել, որովհետև չեն հայտնաբերել»,-ասաց նա՝ պնդելով, որ ոստիկանության գործողություններն ապօրինի են եղել։