ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը կապ է հաստատել Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողների հետ՝ առաջարկելով դադարեցնել ակցիան, իսկ առաջիկայում կհանդիպեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հետ։ Այնուհետև անձամբ է գնացել ծնողների հետ հանդիպման։
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանն ասաց, որ իրենք փակել են Բաղրամյան պողոտան, որպեսզի հանրությունը ինքն էլ հասկանա, թե ինչ վիճակում են անհետ կորածների հարազատները։
«Մեր հանրությունը պետք է հասկանա՝ մեր երեխաները գնացել են՝ ունենալով հայրենասիրական մղումներ, պետականամետ մտածողնությունը։ Այդ երեխաները գնացել են այս ծնողների դաստիարակությունը ստանալով։
Մենք մեր պահանջը ձևակերպել ենք։ ԱԱԾ ներկայացուցիչը մոտեցավ մեզ, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ համատեղ կոմպրոմիսի։ Մենք առայժմ կդադարեցնենք ակցիան, երթեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացել են հանդիպում»,- ասաց Ա. Կիրակոսյանը։