Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը բացասական եզրակացություն ստացավ


Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
Հունիս 13 15:22 2025

Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չընդունվեց։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախագծին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, դեմ՝ 4  պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ նախագիծը չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։

ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել։

«Ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»,- կառավարության նիստում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախագծով պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք նախատեսվում էր 32 տարեկանը։

«Պաշտպանության մասին» օրենքում նախատեսվում էր մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամային պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։