Երեւանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ։
«Ա1+»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հրանտ Անանյանը Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը համարեց անարդար։
Պաշտպանը հիշեցնում է ՝ նախորդ կալանքի նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։
«Փաստորեն Հակակոռուպիոն դատարանը չի հարգել իր որոշումը»,- նշում է պաշտպան Հրանտ Անանյանը։
Ըստ նրա ՝ 12 քննիչներից բաղկացած քննչական խումբը կիսատ-պռատ գործողություններ է կատարել, բայց բավարարվեց միջնորդությունը։
Պաշտպանը իր 3 ժամանոց ճառում մանրամասն ներկայացնել է Գագիկ Բեգլարյանի կալանքի շարունակական եւ խիստ մեկուսացման մեջ պահելու անհիմն լինելը։
Կալանքի որոշումը հրապարակելուց հետո, ըստ օրենքի, երեք ժամում որոշումը պետք է տրամադրվի կողմերին։ Հրանտ Անանյանն այստեղ էլ է խնդիր տեսնում, անցել է համարյա 24 ժամ, սակայն որոշումը չի տրամադրվել իրենց։ Այն ստանալուց հետո բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա հունիսի 5-ից անազատությաան մեջ է եւ չի ընդունում մեղադրանքը։










