Ցանկացած համայնքի ղեկավարի մտահոգում է իր համայնքի խնդիրները, ու համայնքը չի կարող չհամագործակցել կառավարության հետ, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ խոսելով երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ Փաշինյանի հետ զբոսնելու մասին։
«Հետևաբար, կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ աշխատանքներ, մենք միասին քննարկել ենք ու ասել, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն՝ անկախ նրանից՝ ով ինչ քաղաքական հայացքներ ունի»,- նշեց նա։
Ղուկասյանը վստահ պնդեց՝ չի քննարկվել հարց, որ Առուշ Առուշանյանը կարող է մի օր էլ անդամակցել ՔՊ-ին։
Թե ինչպե՞ս հաջողվեց ընդդիմադիր համայնքապետերին համախմբել Նիկոլ Փաշինանի շուրջ՝ Սյունիքի մարզպետը պատասխանեց. «Տեխնոլոգիա չկա, դրա անվանումն աշխատանք է։ Աշխատանքները պետք է իրականացվեն, մեր աշխատանքային հարաբերությունների մեջ չեմ հիշում, որ որևէ խնդիր լինի»։