«Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան վիրավորներ


«Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան վիրավորներ
Հունիս 10 14:58 2025

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «GWM Armenia»-ի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նույնպես օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով այնուհետև տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Երևանի գնդի պարեկները տեղում ծառայություն են կատարել, մինչև ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայութան Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ըստ տեղեկությունների՝ կա ևս 1 տուժած:  Քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը:  Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: