Իսպանիայում մեղվապահը պատժել է իրեն տուգանել ցանկացող ճանապարհային ոստիկաններին՝ նրանց վրա բաց թողելով մեղուների պարսը։ Այս մասին հաղորդել է El Caso-ն։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին: 70-ամյա տղամարդուն կանգնեցրել է կատալոնական ոստիկանությունը՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և անվտանգության գոտի չկապելու համար: Վարորդը հրաժարվել է ալկոհոլային թեստի կրկնակի հանձնումից՝ առաջին դրական արդյունքից հետո, որից հետո իր միկրոավտոբուսի հետևի մասից մեղուներ է բաց թողել ոստիկանների վրա։
Միջատները սկսել են խայթել ոստիկաններին, որոնք, ի վերջո, ստիպված են եղել փախչել: Նրանք թաքնվել են մոտակա ռեստորանում և բժշկական օգնություն են խնդրել: Բժիշկները նրանց ներարկել են կորտիզոն: Մեղվապահը ձերբակալվել է պետական պաշտոնյաների վրա հարձակվելու համար, բայց ավելի ուշ ազատ է արձակվել գրավի դիմաց: Չի նշվում, թե ինչ պատիժ է նրան սպառնում: