Բոլորն էլ գիտեն, որ եկեղեցում ոչ մեկն էլ չի պահպանել կուսակրոնությունը, շատ էլ լավ են արել. Հովիկ Աղազարյան


Բոլորն էլ գիտեն, որ եկեղեցում ոչ մեկն էլ չի պահպանել կուսակրոնությունը, շատ էլ լավ են արել. Հովիկ Աղազարյան
Հունիս 9 12:13 2025

ՔՊ-ից  հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ բոլորն էլ գիտեն, որ եկեղեցում «ոչ մեկն էլ չի պահպանել կուսակրոնությունը»։

«Շատ էլ լավ են արել, դա իմ անձնական կարծիքն է»,- լրագրողների հտ զրույցում ասաց նա։

Աղազարյանի խոսքով՝ այս ամենի մասին գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, որտեղի՞ց է «ճարելու» Կաթողիկոսի համապատասխան կերպար։

«Որտեղի՞ց է  ճարելու Կաթողիկոսի իր երազած տիպարը, որտեղի՞ց է  ճարելու արքեպիսկոպոսներին, ովքեր պետք է ընտրեն այդ Կաթողիկոսին, չկա նման բան, նշանակում է՝ իր նպատակը եկեղեցին, եթե ոչ ոչնչացնելը, գոնե հնազանդեցնելն է»,- ասաց նա։

Լրագրողը նախկին ՔՊ-ականից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է վստահ, որ եկեղեցականները կուսակրոնությունը չեն պահել, նա արձագանքեց. «Որովհետև ես տղամարդ եմ, էլի, կներեք էլի։ Սա համոզվածության աստիճանի ենթադրություն է, հետո, գիտեք ինչ, որ ասում են կուսակրոն, դա ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞, ընդունում, ասենք, մեկը կարող է պատահի՝ կուսակրոնություն ընդունի 30 տարեկանից, մինչ այդ կուսակրոն չէր։ Նշանակում է՝ ես՝ նվաստս, հասկացել եմ կուսակրոնությունը հետևյալ ձևով, որ այդ մարդիկ չամուսնանան, որպեսզի ազատ լինեն... այսինքն՝ եթե այդպես նայենք, կուսակրոնության հենքը խախտված է, եթե ես ճիշտ եմ հասկանում կույս բառի իմաստը»։