ԳՇ պետը գումարի դիմաց որդուն բանակից չի ազատի


ԳՇ պետը գումարի դիմաց որդուն բանակից չի ազատի
Հունիս 9 11:24 2025

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իր որդին ծառայելու է։

«Մեկ որդի ունեմ, հիմա սովորում է Տնտեսագիտական համալսարանում, սեպտեմբերից Ռազմական ակադեմիայում «Պատիվ ունեմ» ծրագրով անցնելու է դասընթացներ ու զինծառայությունը զինված ուժերում շարունակելու է որպես սպա»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է նա։

Հարցին՝ արդա՞ր է, որ իր որդին գնա ծառայի, իսկ մյուսները մտածեն, թե որ գնացուցակից օգտվեն, որ չծառայեն, ԳՇ պետն արձագանքել է. «Բոլորն էլ ծառայելու են, դա ընթացիկ հարց է, հանձնաժողովի առաջիկա աշխատանքներում կքննարկվի»։

Հիշեցնենք՝  ՔՊ-ական Հայկ Սարգսյանը մշակել է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծ։

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում նախագծի քննարկումը չեղարկվել էր, դեռ լրացուցիչ քննարկման կարիք կա։

Պատգամավորն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։

ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել։

«Ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»,- ասել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

«Պաշտպանության մասին» օրենքում կնախատեսվի մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամային պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։