«Քաղաքացիական պայմանագրից» դուրս եկած ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն պատրաստվում ձայն տալ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին Աղազարյանն ասել է 24News-ի հետ զրույցում:
«Մենք մեր առաջարկությունն արել ենք, և մենք նույնպես սպասում ենք այս գործընթացի տրամաբանական ավարտին: Հետևաբար, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք՝ չենք միանալու «Հանրապետական» կուսակցությանը կամ «Հայաստան» դաշինքի որևէ թեկնածուին»,- ասել է նա:
Աղազարյանն ու Ասլանյանը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացում վարչապետի թեկնածու են առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը մերժել էր այդ առաջարկը՝ նշելով, որ չի պատրաստվում «Նիկոլ Փաշինյանին փոխարինել Նիկոլ Փաշինյան-2-ով»:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը, հաշվի առնելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։
Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ հայտարարելու գործընթացը ԱԺ օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավոր: «Պատիվ ունեմ»-ն ունի 6 պատգամավոր, ևս 28-ն ունի «Հայաստան» դաշինքը, որը հայտարարել է, որ պատրաստ է միանալ այս գործընթացին 8 պատգամավորի ստորագրության դեպքում: