Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենից դեպի Զովունի գնացող ճանապարհին գտնվող գազալցակայանում հեղուկ գազ է այրվում, որի հետևանքով կա տուժած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում «Էլ Սիստի» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքը դադարեցնելու աշխատանքի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սերգեյ Մակունցը «ջերմային այրվածք բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների և զույգ ստորին վերջույթների շրջանում առաջին, երկրորդ, երրորդ կարգի մոտ 22 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ, ինգալացիոն վնասվածք» ախտորոշմամբ շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը նշված բենզա և գազալցակայանների ցանցի մենեջեր է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։