2025 թվականի հունիսի 6-ին «Wildberries» ընկերության միջազգային բիզնեսի զարգացման վարչության տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում լոգիստիկ կենտրոն կառուցելու ծրագրերի մասին։
Հայտարարությունը հնչել է «Էլեկտրոնային առևտուր՝ առանց սահմանների․ Ռուսաստան–Հայաստան» խորագրով համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կայացած 10-րդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում։
Համաժողովը միավորել էր հայաստանյան և ռուսաստանյան գործարարների, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների, պետական կառույցների ու ոլորտային միավորումների ներկայացուցիչների։
Իր բացման խոսքում Ռաֆայել Աբրահամյանը շեշտել է տեխնոլոգիական առաջընթացի և միջազգային համագործակցության դերը՝ սահմաններից դուրս իրականացվող առևտրի զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով Wildberries-ի պլանները՝ Հայաստանում լոգիստիկ կենտրոն ստեղծելու վերաբերյալ։
«Այսօր խոսում ենք լոգիստիկայի մասին, վաղը՝ տեխնոլոգիաների։ RWB-ի յուրաքանչյուր քայլ Հայաստանին դարձնում է գլոբալ թվային տնտեսության մի մաս», – նշել է նա։
Հայաստանում ժամանակակից լոգիստիկ պահեստի կառուցումը ստրատեգիական քայլ է, որը նոր հնարավորություններ կստեղծի տեղական ձեռնարկությունների, արտադրողների և արտահանողների համար։ Նախ՝ դա թույլ կտա հայաստանյան ընկերություններին ապրանքները պահել երկրի տարածքում՝ ապահովելով ավելի արագ առաքում գնորդներին և նվազեցնելով լոգիստիկ ծախսերը։
Բացի այդ, պահեստը կդառնա միջազգային շուկաներ մուտք գործելու առանցքային հանգույց. հայկական բրենդները կկարողանան Wildberries-ի գործիքներն ու տեղական պահեստավորման հնարավորություններն օգտագործելով՝ վաճառել իրենց արտադրանքը ինչպես ԵԱՏՄ անդամ երկրներում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս։