«Արցախի նախագահի պաշտոնավարումը դադարեցվել է Սահմանադրությամբ։ Այս պահի դրությամբ ընտրված նախագահ չկա։ Իմ տեղեկություններով, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն ընտրելու են նոր նախագահ, որի տվյալները շուտով կհրապարակվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշենք, որ Ս. Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 21-ին։
Հարցին՝ արդյո՞ք այս ընտրություններով է պայմանավորված Սամվել Շահրամանյանին ակտիվորեն ՔԿ հարցաքննության կանչելը, փաստաբանն ասաց. «Արցախի նախագահին հարցաքննելը, հատկապես այս պահի դրությամբ, այլ երևույթների հետ եմ կապում, չեմ բացառում հետագա որևէ գործողություն և հենց սրանով է պայմանավորված, որ Սամվել Շահրամանյանը հարցաքննության է ներկայանում փաստաբանի հետ։
Ոչ թե չեմ բացառում որ կձերբակալեն, չեմ բացառում, որ հետագայում կարող է մտացածին քրեական հետապնդումներ սկսեն նախագահի նկատմամբ, դրա նպատակն ավելի շատ նրա՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունք է»։
Հարցին՝ կարծում է Ադրբեջանին հաճոյանալո՞ւ համար, Ռ.Երիցյանը պատասխանեց. «Նաև՝ չեմ բացառում։
Արցախը պետք է ունենա ներկայացուցչություն։ Չի բացառվում, որ 1, 2, 10 կամ 15 տարի հետո Արցախի Հանրապետությունը կրկին շարունակի իր գոյությունը, նաև տարածքային առումով։ Բնականաբար, պետք է ունենա իշխանություն»։