«Հուսով եմ՝ գլխավոր կառավարչին չհակադրվելու և պաշտոնին հրաժեշտ չտալու համար է նման պնդում անում»․ Աբրահամյանն արձագանքել է թշնամու «ոչ թիրախային» կրակոցների մասին ԳՇ պետի պնդմանը


«Հուսով եմ՝ գլխավոր կառավարչին չհակադրվելու և պաշտոնին հրաժեշտ չտալու համար է նման պնդում անում»․ Աբրահամյանն արձագանքել է թշնամու «ոչ թիրախային» կրակոցների մասին ԳՇ պետի պնդմանը
Հունիս 4 18:50 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԶՈւ Գլխավոր շտաբի պետն անդրադառնալով սահմանագծին առկա իրադրությանն ու այդ համատեքստում ադրբեջանական կրակահերթերին ասել է, թե «այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային և թիրախային չեն», ապա ավելացնում, որ այն դեպքերում, երբ թիրախային է` պաշտոնական հաղորդագրություն է տրվում:

Միևնույն մտքում երկու հակասական ձևակերպում: Եթե ՊՆ-ն որոշակի պարբերականության տեղեկատվություն է տալիս մարդկանց տների կամ նրանց պատկանող անասունների թիրախավորման մասին, ապա ստացվում է, որ Ադրբեջանը կոնկրետ նպատակ ունի և թիրախավորված կրակ է վարում: Չեմ հասկանում խուճուճ, վախվորած, իրարամերժ նախադասությունների արտաբերման իմաստը:

ԳՇ պետը կարծում է, որ կրակոցների նպատակը մեր զինվորների և սահմանամերձ բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար են, սակայն ավելացնում թե` «բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում»:

Այսինքն` թշնամիդ հասարակության նկատմամբ ահաբեկչությանը հատուկ գործողություն է մղում, ինչը պաշտոնապես հաստատում են, սակայն ԳՇ պետը հպարտորեն ավելացնում է, որ դրա վրա իշխանությունը ուշադրություն չի դարձնում:

Ստացվում է, որ Ադրբեջանի` Հայաստանին առաջադրված սադրանքներն ու դրա ազդեցությունը հասարակության վրա հաստատում են, սակայն խոստովանում են, որ  իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում:

ԳՇ պետը հղում անելով գործող կառավարչին պնդել է, որ «ՀՀ վարչապետը բավականին հիմքեր ունի ասելու, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

Հուսով եմ, որ ԳՇ պետը զուտ գլխավոր կառավարչին չհակադրվելու և պաշտոնին հրաժեշտ չտալու համար է նման պնդում անում, իսկ մտքում և իր ամենօրյա աշխատանքում առաջնորդվում այն սկզբունքով, որ հենց վաղը կարող է պատերազմ սկսել»: