Ըստ Քննչական կոմիտեի՝ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ. փաստաբանի պարզաբանումները՝ Արցախի նախագահ Շահրամանյանի հարցաքննությունից


Ըստ Քննչական կոմիտեի՝ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ. փաստաբանի պարզաբանումները՝ Արցախի նախագահ Շահրամանյանի հարցաքննությունից
Հունիս 4 14:42 2025

2023թ.-ի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ողջ բնակչությունը տեղափոխվել է ՀՀ, ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես ՔԿ-ի կողմից տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել են տարբեր վարույթներ։ Թվով երեք վարույթների շրջանակներում Արցախի նախագահը հարցաքննվում է. ՔԿ-ի մոտ լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ըստ նրա՝ նախաձեռնված է պատերազմի ժամանակ թշնամուն ռազմամթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութության քրգործի շրջանակներում։

Թե ինչ բովանդակությամբ հարցեր են հնչեցվում և ինչ պատասխաններ են տրվում՝ Սամվել Շահրամանյանի փաստաբանը նախաքննության գաղտնիքից ելնելով չմանրամասնեց։

Նա միայն նշեց, որ ըստ հրապարակումների՝ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

«Ցանկանում եմ պարտադիր նշել, որ Սամվել Շահրամանյանն այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննություններից երբեք չի խուսափել, լինելով գերզբաղ»,-ասաց փաստաբանը։ 

Ըստ նրա՝ Շահրամանյանի հարցաքննությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում 4-րդ անգամն է և Արցախի նախագահն ունի բացառապես վկայի կարգավիճակ։

Փաստաբանը նաև մտահոգությունը հայտնեց, որ թեև քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին,  և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

«Կարող եմ ընդամենը հայտարարել վարույթ իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ, այսինքն՝ ՀՀ-ն, ի դեմս գուցե նաև ՔԿ-ի, փորձում է պարզել իրողությունը և ավելի շատ ինֆորմացա ձեռք բերել, թե ինչ է տեղի ունեցել, գուցե պատմության մաս դարձնելու նպատակով»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այս պահի դրությամբ Շահրամանյանի ինտենսիվ հարցաքննություններում քաղաքական նկատառումներ չի տեսնում՝ հաշվի առնելով գործի ծավալը։ 

Հաջորդ հարցաքննությունը տեղի կունենա հունիսի 6-ին։