Նիդերլանդների վարչապետ Հենդրիկուս Սխոուֆը հրաժարական է տվել: Դա տեղի է ունեցել, երբ ծայրահեղ աջական «Ազատություն» կուսակցությունը հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Ակնկալվում է, որ երկրում արտահերթ ընտրություն կանցկացվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ազատություն» կուսակցությունը լքում է իշխող կոալիցիան՝ միգրացիոն հարցերում տարաձայնությունների պատճառով: Կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսի խոսքով՝ ինքը խոստացել էր ընտրողներին՝ խստացնել ապաստարան տրամադրելու քաղաքականությունը, սակայն նրան խանգարել են դա անել: Վարչապետն ավելորդ և անպատասխանատու է որակել Վիլդերսի որոշումը:
Հատկանշական է, որ Նիդերլանդների նախորդ կառավարությունը՝ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, նույնպես հրաժարական էր տվել ներգաղթի հետ կապված տարաձայնությունների պատճառով։