Եթե պետք լինի, կդիմենք դատարան. Աղազարյանը՝ նոր կուսակցության գրանցման մերժման մասին


Եթե պետք լինի, կդիմենք դատարան. Աղազարյանը՝ նոր կուսակցության գրանցման մերժման մասին
Հունիս 3 13:18 2025

Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում մերժել են գրանցել ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությունը՝ ՄԱՍԿ անվանումով։

 

«Ծանոթացել ենք մերժման հիմնավորմանը, այս պահին մասնագետներն ուսումնասիրում են, թե դրանք որքանով են հիմնավոր և ինչ հետագա քայլեր պետք է իրականացնենք»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

 

Նա ասաց, թե իրավաբանների ուսումնասիրություններից հետո, առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կորոշեն՝ ո՞ր ճանապարհով գնալ՝ դիմել դատարա՞ն, նորի՞ց ներկայացնել փաստաթղթերը, թե՞ նոր համաժողով անցկացնել.

 

«Եղածին քաղաքական գնահատական տալ չեմ ուզում, որովհետև դրանից ի՞նչ պետք է շահեմ։ Եթե տեսնենք, որ մերժումը հիմնավոր չէ, ապա կդիմենք դատարան։ Եթե ենթադրենք, որ իշխանություններն արհեստականորեն ձգձգում կամ արգելափակում են կուսակցության գրանցումը, ասեմ, որ դրանով մեր գործունեությունը էապես շատ չի տուժում»։

 

Հարցին՝ եթե այդպիսի խոչընդոտները շարունակվեն, կա՞ հնարավոր տարբերակ կուսակցությունը գրանցել այլ կերպ, օրինակ՝ այլ հիմնադիրներով կամ փոխելով անվանումը՝ Աղազարյանն արձագանքեց.

 

«Չէ, անվանումը չենք փոխի։ Եթե իրավաբանները կտեսնեն, որ պետռեգիստրի դիտողությունները հիմնավորված են, ապա նոր համաժողով կհրավիրենք, կվերացնենք առկա թերությունները։ Ամեն ինչ կանենք, որ գրանցվենք»։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ո՞ր տիրույթում է տեսնում իր ղեկավարած քաղաքական ուժը՝ Աղազարյանն արձագանքեց.

 

«Քաղաքական դաշտը դիտարկենք որպես մի շրջան, դրա ձախ մասը ՔՊ-ն է և «Եվրոքվե»-ն, աջ մասում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցի շուրջ հավաքված ուժերն են։ Սեպի նման մի հատվածն այսօր գտնվում է այն կարգավիճակում, որ ոչ նրանց են ուզում, ոչ էլ՝ նրանց։ Մենք մեզ տեսնում ենք այդ տիրույթում և անելու ենք մեզնից կախված ամեն ինչ՝ այդ տիրույթում գտնվող քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու առաջարկ անելու համար։ Մենք դեռ այդ քաշը չունենք, որպեսզի այդպիսի նախաձեռնությամբ հանդես գանք, բայց առաջարկելու ենք որպես տարբերակ համախմբվել առաջնային գաղափարի շուրջ։ Իսկ այդ գաղափարը հետևյալն է՝ «Քաղաքացիական պայմանագրին» հեռացնում են իշխանությունից, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքն ինչքան հնարավոր է, դուրս են մղում քաղաքական դաշտից, մեկ տարով ձևավորում են իշխանություն։ 

 

Դրանից հետո արդեն իմ նշած սեկտորի քաղաքական ուժերը կարող են վերախմբավորվել կամ առանձին ներկայանալ ժողովրդին»։