Եկեղեցու հանդեպ Սահմանադրության հետ չկապվող վերահսկողություն առաջադրելու նկրտումները դատապարտելի են


Եկեղեցու հանդեպ Սահմանադրության հետ չկապվող վերահսկողություն առաջադրելու նկրտումները դատապարտելի են
Մայիս 31 21:05 2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ոտնձգություններն անհապաղ դադարեցնելու  կոչով է հանդես եկել «Հայոց Տունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի առջև ծառացած խիստ մտահոգիչ մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ճանապարհը ողջախոհության և օրինապաշտության հենքով եղած սակավ ուժերի համախմբումն ու անձնազոհության գնով տոկալն ու դիմակայելն է՝ մեր ժողովրդին հույս, հավատ ու սեր ներշնչելով։ Մեր ժողովուրդը բազմիցս է աներկբա ապացուցել, որ պարտվող տեսակ չէ, ունակ է չտրվելու սադրանքների և սթափ ու պատվով դուրս գալ է՛լ ավելի բարդագույն, ծանր իրավիճակներից, ինչի գրավականը եղել և մնում է Հայ ժողովրդի հավատքը և ազգային ինքնության ամբողջական արժեհամակարգը։
Եվ այս խիստ վտանգավոր շրջափուլում, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես սահմանադրական կարգի հիմունքների հիմնարար կառուցակարգ, օժտված լինելով ոչ միայն Ազգային Եկեղեցու սահմանադրական կարգավիճակով, այլև աներկբա ամենաբարձր հանրային վարկանիշով, նախաձեռնել է ազգապահպան համալիր առաքելություն։ Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, չբավարարվեց Վատիկանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խայտառակ թեմայով գիտաժողով կազմակերպելով, դրան հաջորդեցին արդեն Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գերդոզավորված կեղծիքները, ըստ որոնց՝ իբր Մայր Աթոռը հիմնադրվել է «ադրբեջանական տարածքում»։

Այս բարբաջանքներն անպատասխան չեն թողնվում։ Հատկապես առանցքային էր ս.թ. մայիսի 27-ին Վեհափառ Տիրոջ ելույթը՝ շուրջ 400 բարձրաստիճան հոգևորականների առջև, որում խիստ փաստարկված բացահայտվեց ադրբեջանական ողջ կեղծարարությունը և դրա հեռահար հայատյաց նկրտումները։ Բնորոշ է այն, որ Մայր Աթոռի ջանքերով համաժողովը կրել է «Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը» խորագիրը։
Անշուշտ, Հայ Եկեղեցու այդպիսի կեցվածքը չէր կարող անտեսվել և չթիրախավորվել ադրբեջանական իշխանության և հոգևոր առաջնորդի կողմից, սակայն խիստ տարակուսելի ու մտահոգիչ է, որ այդ ամենին զուգահեռ, ակներև արհեստական օրակարգ ձևավորելու նկրտումներով՝ Հայ Եկեղեցին միաժամանակ  թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանության կողմից։ Ըստ էության, անհարկի համառությամբ ու խստագույնս անընդունելի հռետորաբանությամբ հնչում են օրինապաշտության, հավատքի ու դավաբանության հետ առերևույթ լրջագույն աղերսներ ունեցող արտահայտություններ, որոնք թեպետ արտաքուստ միտված են Հայ Եկեղեցու նսեմացմանը, այնուամենայնիվ, անխուսափելիորեն կհանգեցնեն պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը։
Ցավով արձանագրում ենք, որ սոցցանցերում այդ անհավասարակշիռ, անպատասխանատու ու որևէ դրական արդյունք չակնկալող արտահայտությունները, ինչպես և սպասվում էր, հանգեցրել են սոցիալ֊-քաղաքական աննախադեպ լարվածության և հանրային երկպառակտվածության մի նոր, է՛լ ավելի տհաճ ալիքի։ Երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջանքերը մեկտեղելու, անդուլ աշխատանքի միջոցով լուծումներ առաջադրելու փոխարեն, պարզապես աններելի են արհեստական օրակարգեր շրջանառության մեջ դնելու հնարքով եղած սուղ միջոցները փոշիացնելու և մարդկանց հավատքը, Հայ Եկեղեցու դավանաբանությունը աշխարհիկ կանոնակարգերին ենթարկեցնելու սին փորձեր․․․ Մայր Հայրենիքում Հայ Եկեղեցու նկատմամբ Սահմանադրության հետ աղերսներ չունեցող մեթոդաբանությամբ պետական իշխանություն և պետական վերահսկողություն առաջադրելու  նկրտումները, մեղմ ասած, դատապարտելի են։

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ եկեղեցիները, վանքերը և սրբավայրերը, որպես պատմամշակութային հուշարձաններ, անտարակույս, ունեն հոգածության կարիք, սակայն իրավիճակի առնչությամբ պահանջներ և գնահատականներ հնչեցնելուց առաջ, անհրաժեշտ է ղեկավարվել օրենսդրության տարրական պահանջներով, և այնժամ պարզ կդառնար, որ պատմամշակութային հուշարձանների պահպանման և նորոգման պարտավորությունը վերապահված է Կառավարությանը և պետք է իրագործվեն պետական բյուջեի միջոցներով։ Ստեղծված իրավիճակում, այդ զգալի ծախսատար առաքելությունը ամբողջությամբ կամավոր ստանձնել է Հայ Եկեղեցին։

Խստորեն դատապարտելով հակաեկեղեցական վերը նշված երևույթը և շեշտելով, որ այդպիսի նկրտումները միանշանակ աղետաբեր են՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը։ Ակնկալում ենք, որ հայ հանրությունը կդրսևորի ծայրահեղ ողջախոհություն և որպես իրավիճակից դուրս գալու խելամիտ միջոց՝ կլծվի ոչ թե ատելության խոսք տարածելուն, այլ Հայ Եկեղեցուն քաղաքակիրթ պահվածքով և ազգային արժանապատվությամբ սատարելուն»։