Ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուչերայի մուտքը ՀՀ արգելվել է, քանի որ նախորդ անգամ պատշաճ չէր հավատարմագրվել. լրագրողների հետ զրույցում այսպես պարզաբանեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ տվյալ վերլուծաբանի մուտքը երկիր արգելվել է, բայց երկու-երեք տարի անց նրան ոչ միայն հրավիրել են գլխավոր դիվանագիտական ֆորումին, այլև բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ պանելային քննարկմանը բանախոս դարձրել։
«Իմ տեղեկություններով անցյալ անգամ նա խախտել էր հավատարմագրման կարգը և չէր հավատարմագրվել։ Այս անգամ պատշաճ հավատարմագրման պորցեսն անցնելուց հետո, նրա մուտքն, իհարկե, թույլատրվել է»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե քննարկվում էր, որ օկուպացված Արցախ այցի հետ կապված է եղել մուտքի արգելքը՝ Կարապետյանը պատասխանեց, որ ինքը միայն հավատարմագրման մասով է պատասխանում։
ԱԳՆ պաշտոնյան նաև ասաց, որ ոչ միայն Ջոշուա Կուչերայի, այլ նաև այլ փորձագետի մասով նման խոսակցություններ կային. «Ուզում եմ հստակ նշել, որ ՀՀ-ն երբևէ ոչ նախկինում, ոչ ներկայում չի սահմանափակել Ադրբեջան այցելած որևէ էքսպերտի մուտքը Հայաստան։ Մենք պետք է աշխատենք նաև այն մարդկանց հետ, որոնք հնարավոր է ունեն այլ կարծիք մի շարք հարցերի վերաբերյալ։
Նմանատիպ համաժողովները նպատակ ունեն բացատրելու ՀՀ-ի դիքրորոշումները, ավելի ամրապնդելու այն ներկայացուցիչների մոտ, ում հետ աշխատում ենք, ովքեր ընդհանրապես հետաքրքված են մեր ռեգիոնով։ Հակված չենք ՀՀ հրավիրել այն մարդկանց, ովքեր սիրում են ՀՀ-ն և գոհ են այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ-ն։ Մենք մեր քաղաքականությունը փորձում ենք բացատրել ավելի մեծ շերտերի»,-ասաց նա։










