Քաղաքական վերլուծաբար Հակոբ Բադալյանը գրում է. «Զինված ուժերում ծառայությունից վճարի դիմաց ազատվելու մասին օրենքի նախագծի հեղինակ պատգամավորը ասում է, թե 10 հազար մարդ է հետախուզվում բանակում չծառայելու համար, որոնց մեծ մասը 27 տարեկանից ցածր է, այսինքն՝ զինապարտության տարիքի է:
Այդ վիճակագրությամբ նա փորձում է հիմնավորել իր նախաձեռնությունը, որն, ըստ էության, այլ բան չէ, քան փողով ծառայությունից ազատվելու օրինական հնարավորության ստեղծում:
Հարց է առաջանում՝ այդ տասը հազար մարդն ի վիճակի՞ է լինելու վճարել այն տասնյակ միլիոնները, որոնք տալիս են «ինդուլգենցիա»: Եթե այո, ապա ստացվում է, որ «նորաստեղծ» հնարավորությունը կարող է Հայաստանի զինված ուժերի թվակազմը կրճատել առնվազն մոտ տասնյակ հազարով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի առաջ այդ թիվը ավելացնելու էքզիստենցիալ խնդիր է, այլ ոչ թե նվազեցնելու:
Եթե տասնյակ հազարը չէ, որ ի վիճակի է լինելու անել դա, ապա ստացվում է, որ բերված վիճակագրությունը հիմնավորում կարող է լինել միայն մարդկանց համար, որոնք ի վիճակի չեն իրերը ենթարկել շատ թե քիչ հանգամանալից տրամաբանական քննության եւ պատրաստ են կուլ տալ ցանկացած մակերեսային հիշատակում:
Այդ ամենով հանդերձ, կրկնեմ, որ գլխավոր հարցն այստեղ բացարձակապես լոկ վիճակագրական հիմնավորումը չէ, այլ՝ բարոյական, արժեքային, հոգեբանական, փիլիսոփայական, աշխարհայացքային»։