Երջանիկ լինելու համար պիտի հարկ տալ, այն բեռ չէ, ՓՄՁ-ն թաքցնելու բան ունի, ստվերից դուրս չեն գալիս, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Հակոբյանին հարց ուղղվեց՝ ՊԵԿ-ն ինչո՞ւ է գնում միայն տեսուչի արձանագրության հիման վրա ու գործարարների, բիզնես ներկայացուցիչների վրա տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամների վարչական ակտ են կազմում, որը քրեական վարույթի հիմք է կազմում և ՔԿ-ն տանում է կալանավորման, ու որպեսզի գործարարները չկալանավորվեն, տարբեր տեղերից գումարներ են հայթայթում, արդյո՞ք ՊԵԿ նախագահն այդ գործելաոճը նորմալ է համարում՝ ՊԵԿ-ը տեռորի միջոցով է փորձում բյուջեն լցնել։ Ի պատասխան՝ նա ասաց․
«Ինչ վերաբերում է «շանտաժ» և «տեռոր» արտահայտություններին՝ խորությամբ չկա դրա ընկալումը, թե դա իրենից ինչ է ներկայացնում, մենք դրանով չենք զբաղված։ Անկեղծ ասած՝ դրա ժամանակն էլ չունենք, չենք էլ ուզում ունենալ, որովհետև եթե մենք խոսում ենք հարկ վճարողի վերաբերմունքի փոփոխության մասին, և ես ասում եմ, որ հարկ վճարողին վերաբերվում եմ որպես ընտանիքի անդամի՝ հետևաբար, նման բառերը երբեք տեղի ունենալ չեն կարող, և ես կառաջարկեմ դուք էլ այդ բառերը չօգտագործել», - ասաց ՊԵԿ նախագահը: