Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունենք՝ համարժեք արձագանք ասելով, մեր պարտավորություններից բխող արձագանքը եղել է անմիջապես․ Երևանում, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչու ՌԴ-ն համարժեք չարձագանքեց, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա, ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Իրավիճակը հասկանալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ փաստահավաք խումբ է ուղևորվել դեպքի վայր, ներկայացվել է օպերատիվ ուղեցույց: Եղել է կառավարությունների հանդիպում, ԱԳ և Պաշտպանության նախարարներն աշխատել են շատ երկար: Իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ քարտուղարության կողմից: Վերջում մենք ամբողջ տեքստի վերաբերյալ հասանք կոնսենսուսի, և տեքստը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկվարներին: Համաձայնեցված տեքստը հայկական կողմը տարբեր պատճառներով առաջարկեց հետաձգել:
Կոնսենսուս չեղավ, մենք համաձայնեցինք և որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերին, արդեն հայտարարվեց ԵՄ առաքելության մասին: Պրահայում էլ հայտարարվեց ԼՂ պատկանելիության մասին դիրքորոշումը, որ երկկողմ հիմունքներով ամեն ինչ որոշվելու է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, որի համաձայն ԼՂ ինքնավար մարզն Ադրբեջանի մաս է:
Դա բավականին անսպասելի էր, որովհետև 2020 թվականի նոյեմբերին՝ թեժ մարտական գործողությունների ընթացքում, երբ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ խմբագրեց հրադադարի մասին համաձայնագրի տեքստը, այդտեղ ԼՂ պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- նշեց Լավրովը:
Նա հիշեցրեց, որ արցախյան բանակցությունները տևել են մեկ տասնամյակից ավելի, որոնք տարվել են ՀՀ նախկին ղեկավարների կողմից. «Մի քանի անգամ ասվել է, որ ահա հասել ենք պայմանավորվածության, բայց հետո դրանք փլուզվում են: Այո, կարելի է քննադատել, քանի որ չեն քննատադում նրան, ով ոչինչ չի անում, իսկ մենք փորձում էինք»։