Փաշինյան–Քոչարյան մենաշնորհն ու Սարգսյանի դիպուկ «կրակոցը»


Փաշինյան–Քոչարյան մենաշնորհն ու Սարգսյանի դիպուկ «կրակոցը»
Մայիս 21 20:43 2025

Հայաստանում ներքին եւ արտաքին ահագնացող քաղաքական ճգնաժամի ֆոնին, երբ թվում է` երկրի հարցը Փաշինյանական  թիմին կառավարական կաբինետից ժամ առաջ արտաքսելը պետք  է լիներ, խորհրդարանական երկու ճամբարի ընդդիմադիրները շարունակում են ինքնամոռաց  «կրակել»  իրար վրա։ Սահմանված, այսպես ասած, «ժամանակավոր հրադադարը» խախտվեց երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի վերջին ասուլիսից հետո, մինչդեռ առնվազն հակառակը պետք է լիներ։ Նորից ակտուալ դարձավ «Ո՞վ բերեց Նիկոլին» հարցը  եւ նորից հանրապետականներն ու քոչարյանականները շարունակում են «կատաղի դիմադրությունն» ու պայքարը, մինչեռ այդ պայքարը պետք է ձեւավորվեր «հանուն պետականության փրկության՝ ով է ճամփելու Նիկոլին» հարցի շուրջ։

Բանն այն է, որ երկրորդ նախագահը ընդդիմադիր դաշտում բորբոքված այս կրակը հանգեցնելու փախարեն  ինքը ներքաշվեց այդ կրակի կամ «Ով բերեց Նիկոլին» կոնֆլիկտի մեջ՝ այս անգամ հստակ, ուղղորդված  մեղադրանքներ հնչեցնելով մյուս ընդդիմադիր ճամբարին՝ հեղափոխության վտանգի տակ իշխանությունը Նիկոլն փոխանցելու  մեջ։ 

Սա բավականին լուրջ մեղադրանք է ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին։ Հատկապես եթե հաշվի առնենք,  որ խոսույթը ձեւավորվում է 2026-ից առաջ, ապա այս գլխից միանշանակ Երկրորդ նախագահը այրում է ընդդիմադիր դաշտում կոալիցիաների ու հնարավոր համագործակցությունների թելը, որքան էլ որ հակառակի մասին է պնդում։

Այդ հեռանկարը  եւ առհասարակ ընդդիմադիր դաշտում փետրվարից չդադարող «փոխհրաձգությունները» հասկանալի է, որ ձեռնտու է բացառապես գործող իշխանությանը, նիկոլական թիմին։ Գիտակցո՞ւմ է  այս մասին երկրորդ նախագահը. Անշու’շտ։ Ավելին, իր այս քայլով միանշանակորեն հիմնավորում է, որ ընդդիմադիր ճամբարներում կոնֆլիկտը ոչ թե ինքնաբերաբար է ծնվել, այլ՝ հենց Քոչարյանական առաջնորդությամբ էլ սկսվել են «Հայաստան» դաշինքի ու  մանր քոչարյանականների արշավանքները եւ դեռ էլի շարունակվելու են։

Եւ հիմա, երբ արդեն կասկածից վեր է, որ ընդդիմադիր դաշտում կոնֆլիկտը հրահրված  է միտումնավոր, կառավարվում է մեկ կենտրոնից, ինչը գոնե հիմա  ՀՀ քաղաքացու շահերից չի բխում, այլ տանում է գործող  իշխանության վերարտադրության եւ դրանով իսկ թուրք-ադրբեջանական կոալիցիոն շահեր է սպասարկում, առնվազն ազնիվ կլիներ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր երկու հարցի պատասխաներ, որոնց պատասխաններն իր գրքում չկա։

1․ Էլի կկրակե՞ր սեփական ժողովրդի վրա։

2․ Նիկոլի թիկունքը տաք պահելով` իր թիկունը արդյո՞ք տաքանում է։

Եւ այսպես, կկրակե՞ր Քոչարյանը եւս մեկ անգամ  սեփական ժողովրդի վրա․ նա արդեն մեկ անգամ դա արել է 2008-ի Մարտի մեկին։ Եւ մինչեւ հիմա պատմության այդ էջը վերախմբագրել չի կարող։ Հիմա ժամանակն է, որ կոնկրետ պատասխանի երկրորդ նախագահը. Եթե Սերժ Սարգսյանի փոխարեն 2018-ին ինքը լիներ, Փաշինյանի հետ Մարիոթում հանդիպումից հետո ի՞նչ որոշում կկայացներ Քոչարյանը։ Հասկանալի է, որ իրավիճակները բոլորովին տարբեր էին։ 2008-ի եւ 2018-ի շարժումը, միգուցե էներգետիկան, պահանջները նույնն էին, սակայն մասշտաբներն անհամեմատելի էին։ Հաստատապես 2018-ին, եթե Քոչարյանը կրկներ Մարտի մեկը, ապա սպանվողները հաստատ տասը չէին լինելու։ Հիմա հեղե՞լ սեփական ժողովրդի, իր երկրի ապագայի համար պայքարի դուրս եկած ՀՀ քաղաքացու արյունը, որը դուրս է եկել ազնիվ, վերկուսակցական  պայքարի՞, թե՞ ոչ։ Ինչի՞ կհանգեցներ այս մի ողբերգությունը։

Այս հարցին ՀՀ երկրորդ նախագահը պետք է պատասխանի շատ ուղիղ՝ այո, կամ ոչ․ առանց ավելորդ մանիուլյացիաների ու ծամածռությունների։ Սա շատ կարեւոր   է նաեւ 2026-ից առաջ  հրապարակներում կյանքի կեսը մաշած, հեղափոխական երազանքները տապալած, խաբված ու հուսալքված  ՀՀ քաղաքացու համար․  ի վերջո ո՞վ է ՀՀ երկրորդ նախագահը, եւ ո՞վ է հայ մարդն  իր համար՝ քաղաքացի՞, թե՞ մսի մի կտոր։

Քոչարյանի պնդումները` Փաշինյանի փոխարեն Կարեն Կարապետյանին կամ մեկ ուրիշին առաջ մղելու մասին սկզբունքային հայտարարությունների տեսքով  հօդս են ցնդում սեփական թիմում խիստ «սկզբունքային» գործիչների կողքին․ նրանց, որոնք 2018-ին Դաշնակցության խմբակցության կազմում ամենաբարձր մակարդակով հանդես եկան հեղափոխական Նիկոլ Փաշինյանի պաշտպանության դիրքերից եւ առաջինը հայտարարեցին նրան աջակցելու եւ ընտրելու մասին։

Հիմա այն մասին, թե ինչ տվեց հեղափոխությունը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին։ Եւ Փաշինյանական թիկունը պահելը ինչ է տալիս նրան առհասարակ։

Մարտիմեկյան դատավարական շոուներից եւ Քոչարյանական առասպելական ունեցվածքի ու նրա ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու մասին իշխանական յոթնամյա խոստումներից այն կողմ ժողովրդին ոչինչ հայտնի չէ։ Բացառությամբ օդում կախված, չհերքված լուրերի, ինչպես նաեւ  մամուլի հրապարակումների,   համաձայն որոնց փաշինյանական իշխանության ժամանակ քոչարյանական բիզնես հետաքրքրությունների ու հաջողությունների էական  աճ է արձանագրվում։ Խոսքը մասնավորապես կառավարական տենդերներում միաձնյա հաղթանակների եւ պարակային ծառայության համար   միլիարդներով մեքենաների ներկրման «մենաշնորհի» մասին է։

Բիզնես գործընկերությունը արդյո՞ք կարող է վերաճել քաղաքական գործընկերության 2026-ից առաջ։ Քաղաքական հակառակորդներին  քաղաքական պարտնյորներից  մեկ ընտրություն է բաժանում։ Կոալիցիան այս անգամ ամենեւին էլ իշխանություն կիսելու միտում չունի, այլ քաղաքական դաշտը կիսելու։ Այս դեպքում պակաս կարեւոր է անգամ իշխանություն-ընդդիմություն դերերի բաժանման պահը։ Կարեւոր է, որ խորհրդարանական իշխանությունը բաժին հասնի Փաշինյան-Քոչարյան զույգին։

Ինչ վերաբերում է թե ով «բերեց» Նիկոլ Փաշինյանին, և հնչող անիմաստ մեղադրանքներին, ապա դրանց այսօր շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տվեց Սերժ Սարգսյանը, նախանշելով նաև իր մոտեցումները, որոնք ոչ թե հանուն աթոռի ու պաշտոնի են, այլ շատ ուղիղ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի հեռացման։ Թե ում հատկապես այս վերջինը դուր չի գալիս, ակնհայտ է։