ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն այսօր Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները պարզապես ճաշակի հարց չէ։
«Մենք կանգնած ենք շատ ավելի խոր՝ գոյաբանական խնդրի առաջ։ Պետք է ճիշտ կողմնորոշվենք, և հենց դրա համար հորդորում եմ բոլորին՝ անպայման մասնակցել ընտրություններին, տեր կանգնել իրենց ձայնին։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը իմ փոխարեն որոշի, թե ինչ է լինելու ինձ հետ, ինչ է լինելու իմ պետության հետ։ Ես եմ որոշելու, յուրաքանչյուր քաղաքացի է որոշելու։
Ու խնդրում եմ բոլորին ունենալ այդ գիտակցությունը և հենց այդ գիտակցությամբ ամսի 7-ին մեկ մարդու պես, բոլորս միասին որոշենք, որ մենք ենք տերը մեր հայկական իրականության։ Չպետք է թույլ տանք, որ մեր թշնամիները մեր փոխարեն որոշեն, որովհետև այսօր հենց այդ վտանգի առաջ ենք կանգնած՝ ուրիշը որոշի մեր փոխարեն», - ասաց նա։
Արսեն Գրիգորյանը նաև հավելեց, որ խիստ կարևոր է արժանի լինել այն ժառանգությանը, որն ստացել ենք մեր նահատակներից։
«Նրանք իրենց արյամբ պահել ու մեզ են հասցրել այս պետությունը՝ մեր ինքնության երաշխավորը։ Մենք իրավունք չունենք զրկվելու մեր ինքնության այդ երաշխիքից։ Հենց դրա մասին էլ մեզ հետ հանդիպման ժամանակ պարոն Կարապետյանն ասաց մի շատ կարևոր միտք․ «Ես չեմ ասում՝ պարտադիր մեզ ընտրեք, բայց գնացեք ընտրության, գնացեք և տեր կանգնեք երկրին, գնացեք ու տեր կանգնեք ինքնությանը»։










