«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է․ «Սպուտնիկ Արմենիա»


«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է․ «Սպուտնիկ Արմենիա»
Մայիս 8 18:34 2025

Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է։  «Սպուտնիկ Արմենիա»-ին  տեղեկությունը հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ սկսվել էր։ Մայիսի 6-ին օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվեց»,- նշել են քաղավիացիայից։

ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի որևէ ավիաընկերություն չի կարող թռիչքներ իրականացնել։ Այն ունենալու գլխավոր պայմանը թռիչքների համար պիտանի օդանավ կամ վարձակալության մասին պայմանագիր ունենալն է: Քանի որ ավիաընկերությունն այս պահին չունի որևէ պիտանի օդանավ, ապագրանցում է կատարվել։

ՕՇՎ-ի գործողության ժամկետը կասեցված է 6 ամսով․ եթե այդ ժամկետում ավիաընկերությունը պիտանի օդանավ կամ դրա վարձակալության մասին պայմանագիր չներկայացնի ՀՀ քաղավիացիա, ապա կզրկվի ՕՇՎ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 17-ին «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը հայտարարություն տարածեց, որ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։

Նշվում էր, որ որոշումը պայմանավորված է ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։

«Հետք»-ը ապրիլի 19-ին գրել էր, որ «Հայկական ավիաուղիները» մինչև վերջերս ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:

EK-AAD-ն Հայաստան էր տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում, սակայն այս տարվա ապրիլի 9-ին Երևանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է դրա նոր շահագործողը՝ թուրքական Southwind Airlines-ը: Վերջինիս ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը:

Ինչ վերաբերում է EK-AAB-ին, ապա այն 2023-ի ապրիլին էր Հայաստան տեղափոխվել ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ինքնաթիռը, սակայն, այս տարվա հունվարից կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից էլ մարտի 25-ին թռել է Ստամբուլ, ապա գրանցվել վերոնշյալ Southwind Airlines-ի շարժակազմում՝ որպես TC-GRG: