«Այդ մարդկանց ասել եմ՝ հերի՛ք ա կամ միամիտ, կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք։ Լսե՛ք, բան ունե՞ք ասելու, էլի կրկնում եմ, եկեք գնանք, խոսանք ուղիղ եթերում, հերիք ա գնաք ըտենց մութ անկյուններում, առաձնացված խոսեք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ նախկին նախագահներին, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի շարք հայտարարությունների։
«Ինչի՞ մասին եք ուզում խոսանք, ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսա՞նք, պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին խոսա՞նք, ինչի՞ մասին եք ուզում խոսանք, եկեք գնանք, խոսանք։ Ինչքա՞ն պետք է գնան թաքուն, ըստեղ-ընդեղ, էս պատի տակ, էն ծառի տակ, էն անկյունում, ինչքան մութ՝ այնքան լավ, նստեն խոսեն։ Բան ունե՞ն խոսելու՝ Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք, ինչի՞ չեք գալիս»,-ասաց Փաշինյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ պատերազմից հետո ՀՀ ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, Պրահայում արված հայտարարությամբ Ռուսաստանի տակից հանեց միջնորդի աթոռը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ես խոսել եմ որ դրան նախորդող շրջանում տեսնելով զարգացումները՝ ՀԱՊԿ-ին ասել եմ, որ ես տեսնում եմ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ, ՀԱՊԿ-ից ասել են, որ դա հնարավոր չեն համարում, բայց ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ են։ Երբ որ տեղի է ունեցել 2022թ.-ի սեպտեմբերյան պատեարզմը, երբ ՀՀ տարածք ներխուժում է տեղի ունեցել, դրանից առաջ էլ է եղել, ես այդ երկխոսությունը համարել եմ ՀՀ համար անհարգալից, և ես, այո, որոշում եմ կայացրել, որ ՀՀ կառավարությունը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանը նշեց, թե որքան էլ զարմանալի է, բայց 2022թվականի հոկտեմբերի 6-ին ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Այո, նաև հարևանների տարաքծային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամոբղջականությամբ․ իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի։ Ազնիվ բան եմ չէ՞ առաջարկում՝ մեկն ընդդեմ երեքի»,-ասաց նա։