Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը։ Այս մասին հայտնում են էոկոնոմիկայի նախարարությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։
Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։
Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, կապարակնքել են նաև «Արարատցեմենտ»-ը։ Նախօրիեն գործարանի աշխատակիցնրը բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել։
Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ ասել էր. ««Արարատցեմենտի» հետ կապված պրոցես կա, շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ»։










