Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նամակներին գրավոր պատասխանել են 2 պատգամավոր՝ երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Խոսքը Թագուհի Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի մասին է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության համահեղինակ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ այդ նամակները կհրապարակի։
«Ընդհանուր առմամբ՝ երկուսն էլ ասում են, որ իրենք չեն պատրաստվում անվստահության գործընթաց սկսել։ Թագուհի Ղազարյանը ավելի զուսպ է իր գնահատականներում. նա փորձել է հիմնավորել, թե ինչու կառավարությանը և վարչապետին անվստահություն հայտնելու հիմքեր չկան։ Վահագն Ալեքսանյանը ավելի հեգնական տոնով է պատասխանել՝ խոսելով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին, մինչդեռ այս գործընթացի հետ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի, ոչ էլ Սերժ Սարգսյանը։ Շատ անմիտ բովանդակությամբ պատասխան է եղել»,- ասել է Էդգար Ղազարյանը։
Կարծիքները, որ իմպիչմենտի գործընթացը, առանց ՔՊ-ական 20 պատգամավորի միանալու, ըստ էության կտապալվի, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին անարգել գործել մինչև 2026 թվականը, Ղազարյանը որակել է «անմիտ» և «իրավական իմաստով որևէ հիմնավորում չունեցող»։
«Այն մարդը, ով այդ կարծիքն է հայտնում, չի կարդացել Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, տեղյակ չէ, թե անվստահությունն ինչ ձևերով է դրսևորվում և ինչ զարգացումներ կարող են լինել, ու միանգամից խոսում է ձախողման մասին։ Սա նշանակում է, որ այդ մարդը չի կարդացել ՀՀ Սահմանադրությունը, որ իմանա՝ որ դեպքերում է սկսվում անվստահության գործընթացը, որոնք կարող են լինել դրա հիմքերը, ինչ կապ ունի այստեղ ՔՊ-ականը կամ այլ խմբակցությունից որևէ պատգամավոր։ Այսինքն՝ քաղաքականապես չի պատկերացնում խնդիրը։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե եթե անվստահության գործընթացը ձախողվի, ապա միայն 6 ամիս անց կարելի է նորից հարցին անդրադառնալ, ապա դա վերաբերում է միայն այն դեպքին, երբ նախագիծը արդեն դրվել է քվեարկության։ Քվեարկություն տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ նախաձեռնության հեղինակները՝ առնվազն 36 պատգամավոր, նախագիծը հանձնում են Ազգային ժողովի նախագահին։ Եթե նույնիսկ թղթի վրա կա 50 ստորագրություն, բայց հեղինակները չեն հանձնում նախագիծը ԱԺ նախագահին, ապա քվեարկություն չի կազմակերպվում։ Եթե նախաձեռնության հեղինակը գիտի, որ իր նախաձեռնությանն անհրաժեշտ է 54 կողմ ձայն, բայց թղթի վրա ունի միայն 50 ստորագրություն, հո հիմա՞ր չէ, որ այդ թուղթը հանձնի։ Դա պետք է անել այն ժամանակ, երբ կլինի օրինակ՝ 60 ստորագրություն։ Իսկ այդ 60 ստորագրությունը ունենալու համար նախ պետք է լինի առաջինը՝ մեկ պատգամավոր, հետո կգա երկրորդը, հետո կմիանան ևս 20-ը, հետո 10 հոգի, հետո՝ մյուսները։ Բայց որպեսզի այդ գործընթացը սկսվի, պետք է որևէ մեկը այն մեկնարկի»,- ասել է Էդգար Ղազարյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում