Միշտ ասել եմ՝ մենք այլևս չպետք է մտածենք հնարավորի ու անհնարի մասին, այլ անհրաժեշտության։ Այսօրվա նպատակն էլ հենց դա է․ տեսնել մարդկանց, ովքեր պայքարի մեջ են եղել, հասկանալ, թե ինչ իրավիճակում են․ կալանավորել են, հաշիվներին կալանքներ են դրել։ Պետք է տեսնել, քաջալերել նրանք, որպեսզի իմանան, որ լքված չեն, որովհետև մենք այս գծից դուրս եկողը չենք։
Այս մասին այսօր համակիրների հետ հանդիպումից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ Սրբազանը։
Հարցին, թե շարժումը սխալներից դասեր քաղել է, Բագրատ Սրբազանն ասաց․ «Հենց դրա պատճառով է, որ ասում եմ՝ մեր վստահության աստիճանը թե որոշակի խմբերի, թե հանձնառություն ստանձնած մարդկանց հետ․․․ տարբեր, մեծ ծավալի աշխատանք է, և մենք վստահությունը պետք է մինչև վերջ հասցնենք»։
Ինչ վերաբերում է ժամկետներին, Բագրատ Սրբազանն ասաց, որ կարող է երկու օրից լինել, մեկ կամ մի քանի շաբաթից, կամ քսան օրից։
«Մենք երկու անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքն արձանագրել։ Հիմա մեզ համար ավելի լավ է որոշակի ժամանակի մեջ տեղավորվել, մեր հարցերը լուծել։ Ասել եմ՝ այն օրը, երբ մենք դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական ու վերջնական»։